Եվրոպական կենտրոնական բանկը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի հարցով
Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի խնդրի վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Կիրակի օրը՝ հունիսի 28-ին եվրագոտու կարգավորիչը պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդյոք այն կշարունակի հունական բանկերի արտահերթ աջակցությունը, թե ոչ:
Եվրոպական կենտրոնական բանկն արդեն որոշ ժամանակ աջակցում է Հունաստանի բանկային ոլորտին՝ պաշտպանելով այն կոլապսից: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այն մի քանի անգամ ընդլայնել է իրացվելիության արտակարգ աջակցության (ELA) վարկի շրջանակները:
Եթե այժմ միջազգային վարկատուների հետ Աթենքի բանակցությունների տապալումից հետո Եվրոպական կենտրոնական բանկը որոշի դադարեցնել հունական բանկերին արտահերթ վարկերի տրամադրումը, ապա արդեն մոտ օրերին Հունաստանում կտրուկ կսահմանափակվի կանխիկ գումարի քանակը:
Հունիսի 27-ի գիշերը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է հանրաքվե անցկացնելու մասին՝ կոչ անելով հույներին քվեարկել միջազգային վարկատուների պահանջների դեմ: Դրանից հետո եվրագոտու ֆինանսների նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հրաժարվել են երկարացնել Հունաստանի օգնության ծրագիրը: Երկրին սպառնում է դեֆոլտ:










