Սիրիական բանակը և քրդական խմբերը համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ համատեղ գործողությունների շուրջ
Սիրիական բանակը և քրդական ինքնապաշտպանական ուժերը համաձայնագիր են ստորագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու մասին, գրում է ТАСС գործակալությունը։
Նշվում է, որ այժմ ԻՊ-ն ակտիվ հարձակում է սկսել երկրի հյուսիսում գտնվող Հասեկե քաղաքի վրա, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։
Քրդական ուժերը համաձայնագիրն ստորագրել են իշխանական ուժերի ազդեցությունը քաղաքում նվազեցնելու պայմանի դիմաց։
Կողմերը համաձայնության են եկել, որ քրդական ուժերը պետք է ղեկավարեն քաղաքի այն թաղամասերը, որոնք ինքնապաշտպանական ուժերը կազատագրեն ծայրահեղականներից։
Այդ թաղամասերի վարչական շենքերի վրա պաշտոնական սիրիական դրոշների փոխարեն քրդերը պետք է տեղադրեն իրենց դրոշները։
Բացի այդ, համաձայնագրում նշված է, որ Սիրիայի բանակը քրդական ստորաբաժանումներին կհանձնի որոշակի տեսակի ծանր զինտեխնիկա՝ Հասեկե քաղաքում ԻՊ-ի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններում օգտագործելու նպատակով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ համաձայնագրի շրջանակներում քրդական ուժերին արդեն հանձնվել են մի քանի տանկեր։













