Եթե ծայրահեղականությունը շարունակի իշխել հրապարակում, ապա այս ամենը կարող է ավարտվել աղետով. Աբգար Ափինյան

14:13 • 29.06.15

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ մեր էներգետիկ համակարգը կաղ է:  Այսօր մամուլի ասուլիսին նա ասաց, որ մեր երկրում էներգետիկայի առումով չկա հեռանկարային ծրագիր: «Շատ շուտով մենք ապրելու ենք մոմի լույսի տակ և հետևանքները կրելու ենք մենք և մեր մանուկները, չկա այդ աղբյուրը, որ մենք հոսանք ստանանք: Արևն ու քամին, չեն կարող մետրո աշխատեցնել»,- ասաց նա:


Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը գնահատելով երեկվա իրադարձություններն ասաց, որ այն ինչ երեկ տեղի ունեցավ բնական երևույթ է, և ողջունելի համարեց այն, որ այս շարժումը մեկի կողմից ուղղորդված չէ և կա այլակարծություն: «Այն ինչ եղավ երեկ, ես նույնիսկ լուրջ տարաձայնություն չէի համարի մի մասը գտնում էր, որ իշխանությունները խաբում են այդ աուդիտի գաղափարը դնելով»,- ասաց նա և նշեց,  որ ինքը նույնիսկ  չհամարձակվեց խորհուրդ տալ այդ երիտասարդներին, որպեսզի իրենք որոշեն, քանի որ  պատասխանատվության բեռը պետք է վերցնեն այն մարդիկ, ովքեր անմիջականորեն այս գործի մեջ են:


Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն էլ կարծում է, թե պատասխանատվության  բեռը բոլորիս վրա է: «Ես երեկ անհանգստացնող բաներ նկատեցի»,- ասաց նա և հնարավոր համարեց, որ մարդիկ ցանկանալով ունենալ ամեն ինչ, կկորցնեն  ինչ ձեռք են բերել:


Նա կարծում է, որ որոշների մոտ անհոգություն է նկատվում , թեև սա ժպիտի ու ուրախության հարց չէ, այլ  լուրջ ազգային խնդիր է լուծվում: «Կտրականապես դեմ եմ ծայրահեղական մոտեցումներին և ցավոք, շարժումը կարծեք թեքվում է այդ ուղղությամբ»,- ասաց նա և շարժման արդյունք համարեց նախագահի՝ աուդիտ իրականացնելու  առաջարկը: «Եթե ծայրահեղականությունը շարունակի իշխել հրապարակում, այս ամենը կարող է ավարտվել աղետով»,- ասաց նա:


Արշակ Սադոյանը ևս համաձայն էր որ շարժման արդյունքն այն էր, որ առաջիկա 4 ամիսների ընթացքում քաղաքացիները 7 դրամ չեն վճարի, իսկ հետո պարզ չէ՝ կճվարեն, թե ոչ: Ինչ վերաբերում է  հարցին, թե ապա որտեղից է վճարվելու, ասաց.«Սամվել Կարապետյանի գրապանից, հարյուր տեսակի ճանապարհներ կան»: