Եվրոպայի բանկերը 1 օրում 50 մլրդ եվրո են կորցրել Հունաստանի պատճառով. Քեմերոնն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել

17:41 • 29.06.15

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կառավարության արտահերթ խորհրդակցություն է հրավիրում հունական ճգնաժամի հնարավոր հետևանքները քննարկելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Քեմերոնի մամուլի խոսնակի խոսքով՝ խորհրդակցությանը կմասնակցեն Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին, ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը և այլ նախարարներ:

 

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի բանկերը մեկ օրվա ընթացքում 50 միլիարդ եվրո են կորցրել, երբ Հունաստանը հունիսի 28-ին որոշեց սահմանափակող միջոցներ սահմանել։

 

Հունիսի 28-ին Հունաստանի կառավարությունը դադարեցրել է երկրում բանկերի աշխատանքը մինչև հուլիսի 6-ը: Վերահսկողություն է սահմանվել նաև կապիտալի շարժի նկատմամբ, որպեսզի կանգնեցվի փողերի հոսքն արտասահման: Մեկ մարդը կարող է մեկ օրվա ընթացքում բանկոմատից հանել ամենաշատը 60 եվրո:

 

Հուլիսի 5-ին Հունաստանում նշանակվել է տնտեսման միջոցների սահմանման անհրաժեշտության մասին հանրաքվե: Այդ միջոցառումների հարցում պնդում է վարկատուների «եռյակը»՝ Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։