Մեղադրյալ Դադաևը նոր ցուցմունքներ է տվել Բորիս Նեմցովի սպանության գործով. Коммерсантъ
Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Զաուր Դադաևը երկրորդ անգամ է հարցաքննվել Ռուսաստանի քննչական կոմիտեում, հաղորդում է gazeta.ru-ն՝ «КоммерсантЪ»-ին հղումով։
Իր ցուցմունքներում նա ներկայացրել է սպանության օրը տեղի ունեցած իրադարձությունների նոր վարկած։ Նրա խոսքով՝ փետրվարի 27-ին ինքը քաղաքի կենտրոնում առհասարակ չի եղել: Պաշտպանության տվյալներով՝ նրա ալիբին կհաստատեն վկաները և նրա բջջային հեռախոսներից ստացված տվյալները:
Ինչպես քննությանը բացատրել է ինքը՝ մեղադրյալը, հերթական հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ:
Դադաևը նշել է, որ իր առաջին ցուցմունքներում «ստիպված է եղել խոշտանգումների պատճառով այլ բաներ ասել իր և մնացածների մասին», իսկ այժմ ցանկացել է պատմել, թե ինչպես է «ամեն ինչ եղել իրականում»։
Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է փետրվարի վերջին, Մոսկվայի կենտրոնում։










