Դալայ լաման մասնակցել է Գլասթոնբերիի փառատոնին և դիմել մասնակիցներին
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման հունիսի 28-ին մասնակցել է բրիտանական Գլասթոնբերիում անցկացվող երաժշտական փառատոնին, որի շրջանակում բեմից դիմել է միջոցառման մասնակիցներին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Դալայ լաման խոսել է հակամարտությունների կարգավորման հարցում սիրո, համբերատարության, հանդուրժողականության ու ներողամտության դրսևորման կարևորության մասին։
Տիբեթի հոգևոր առաջնորդը նշել է, որ սեպտեմբերին կրկին կայցելի Միացյալ Թագավորություն և դա կանի Չինաստանի նախագահ Սի Ձինփինի պաշտոնական այցից մի քանի օր շուտ: Հայտնի է, որ Չինաստանի իշխանությունները քննադատում են այն երկրներին, որոնք հարթակ են տրամադրում Դալայ լամային բացեիբաց հայտարարություններ անելու համար:
Ըստ պաշտոնական Պեկինի՝ Տիբեթի հոգևոր առաջնորդի ելույթները պառակտական բնույթ են կրում:
Աղբյուրը հավելում է, որ հուլիսի 6-ին Դալայ լաման կդառնա 80 տարեկան, ինչի կապակցությամբ միջոցառման հյուրերը երգել են Happy Birthday To You երգը։










