Պուերտո Ռիկոն ի վիճակի չէ վճարել 72 մլրդ դոլարի պետական պարտքը
Պուերտո Ռիկոն ի վիճակի չէ ամբողջությամբ վճարել իր պետական պարտքը, որը կազմում է 72 միլիարդ դոլար: Այդ մասին կղզու նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան հայտարարել է New York Times թերթին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:
Նահանգապետը մտադիր է երկրի բազմաթիվ վարկատուներից զիջումների հասնել, ինչը կարող է ենթադրել որոշ պարտքերի համար մինչև 5 տարի ժամկետով վճարումների հետաձգում կամ վճարումների ընթացիկ ծրագրի զգալի երկարաձգում։
«Պարտքը հնարավոր չէ վճարել: Այլ ելք չկա: Դա արդեն քաղաքականություն չէ, այլ՝ մաթեմատիկա։ Եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, նրանց համար ավելի վատ կլինի, քանի որ մեր տնտեսության վիճակը կշարունակի վատթարանալ, մենք ավելի քիչ փող կունենանք պարտքերը վճարելու համար»,- հայտարարել է նահանգապետը:
Նա նաև նշել է, որ իր կառավարությունը «չի կարող այլևս շարունակել պարտք վերցնել բյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով»՝ ողջ բեռն ընթացիկ ֆինանսական իրավիճակից սովորական քաղաքացիների վրա դնելով, ովքեր ստիպված կլինեն հաշտվել հարկերի բարձրացման ու աշխատավարձերի կրճատման հետ։










