Հարցի լուծումը կարող է լինել միայն հայտարարված աուդիտի միջոցով. Ֆերդինանտ Առաքելյան

12:48 • 29.06.15

ՀԷՑ-ում և ամբողջ Հայաստանում արդեն 25 տարի է առկա է թալանը և խնդիրը ՀԷՑ-ի նախագահ Բիբինը չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ անդրադառնալով արդեն մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաներին։


«Երկիրը գնում է դեպի տգիտության անդունդը, որովհետև չկա երկրի զարգացման ծրագիր։ Մենք միշտ կառապանին ենք փոխում, բայց պետք է կառքը փոխել։ Ո՞վ ասաց, որ Բիբինն է կերել, նախկինն ավելի է կերել։ Իսկ ներկա ուտողների մեջ Բիբինից հետո մի հատ երկար շարք կա, որոնց ազգանունները յան-ով է»,- ասաց նա։


Քանդակագործը նշեց, որ ակցիայի հենց առաջին օրից ինքը վախեցել է, որ Հայաստանում կկրկնվի ուկրաինական «Մայդանը», քանի որ ուժեր կան, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ «Քաղաքում շները ավելի քիչ են, քան լրտեսները»,- ասաց նա։


Նա ընդգծեց, որ հարցի լուծումը կարող է լինել միայն մեկ քաղաքակիրթ ճանապարհով՝ հայտարարված աուդիտի միջոցով։


«Դա կտևի երկար ամիսներ, բայց պետք է  սպասենք դրա արդյունքներին, որից հետո նոր հասկանանք մեր անելիքները»,- ասաց նա։