Ցավալի է, որ սադրիչներ կան, որոնք փորձում են շեղել երիտասարդներին. Հաղթանակ Շահումյան
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրաշալի է, որ Հայաստանում նման լավ չքաղաքականացված երիտասարդություն կա։
«Ցավով եմ նայում, որ սադրիչներ կան քաղաքական ուժերից ու ոստիկաններից ու փորձում են շեղել երիտասարդներին։ Ցավալի է, որ ոստիկանների ու ժողովրդի միջև կազմված պատի նկատմամբ էլ վստահություն չկար միտինգավորների կողմից»,- ասաց նա։
Գեղանկարիչն ընդգծեց, որ ինքը տնտեսագետ չէ, բայց հասկանում է, որ ամբողջը կարելի է ինքնուրույն ղեկավարել։
«Ռուսաստանի պես հարուստ ռեսուրսներ ունեցող երկիրը դարեր շարունակ վատ կառավարման արդյունքում չի կարողացել տնտեսությունը ոտքի հանել, հիմա մենք կառավարիչ ենք բերել մի մարդու Ռուսաստանից, որը չի կարողանում կառավարել, նրան վտարել են ՌԴ-ից ու ուղարկել Հայաստան»,- ասաց նա։
Հաղթանակ Շահումյանը նշեց, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող անձինք նրանք են, ովքեր Հայաստանը չեն լքելու, նրանք կռիվ են տալիս, որ երկիրը լավը դառնա ու կարողանան ապրել։
«Սա անլուծելի խնդիր չէ, առավել ևս, որ պարզվում է 6 անգամ ավելի շահույթով են աշխատել։ Ամբողջ ժողովուրդը հայտարարություն է տալիս հանցագործության մասին, պետք է իշխանությունը գնա համակարգային ստուգումների ճանապարհով»,- ասաց նա։
Ցանկալի կլինի, որ այս ամենից հետո ժողովուրդը մյուս ասպարեզներին ևս մեծ ուշադրություն դարձնի։ Պետք է իշխանությունը ականջալուր լինի ու լուծում գտնի:










