Մակեդոնիայի կենտրոնական բանկը երկրի բանկերին կոչ է արել հանել գումարները Հունաստանից
Մակեդոնիայի ազգային բանկը կոչ է արել երկրի ֆինանսական հաստատություններին հանել միջոցները Հունաստանի տարածքում գտնվող բանկերից, ինչպես նաև դրանց արտասահմանյան մասնաճյուղերից, հաղորդում է Interfax.ru-ն:
Ինչպես հաղորդվում է Մակեդոնիայի կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրությունում, խոսքը ժամանակավոր բնույթի պաշտպանական միջոցների մասին է: Դրանք անհրաժեշտ են Մակեդոնիայից Հունաստան կապիտալի զգալի արտահոսքի հնարավոր վտանգը կանխելու համար: Սկոպյեում մտավախություն կա, որ դա վճարային հաշվեկշռի և երկրի ֆինանսական համակարգի կայունության լուրջ խախտում կառաջացնի:
Մակեդոնիայի հայտարարությունը դարձել է Հունաստանի հարևանների առաջին փորձը՝ պաշտպանել իրենց Աթենքին սպառնացող ֆինանսական անկայունությունից:
Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել մինչև հուլիսի 6-ը դադարեցնել բանկերի աշխատանքը և վերահսկողական միջոցներ սահմանել կապիտալի շարժին հետևելու համար:
Հունաստանը պատրաստվում է հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնել, որտեղ քաղաքացիները կքվեարկեն՝ արդյոք ընդունում են վարկատուների պայմանները:










