Հնդկաստանում երկու դպրոցականի մահից հետո ծեծելով սպանել են դպրոցի տնօրենին

17:47 • 29.06.15

Հնդկական Բիհար նահանգի Նիրպուր գյուղում զայրացած ամբոխը ծեծելով սպանել է գյուղի ուսումնական հաստատության տնօրենին։

 

Պատճառը երկու դպրոցականների մահն է. 7 և 8-ամյա դպրոցականների մարմինները հայտնաբերվել են դպրոցից ոչ հեռու գտնվող առվում, գրում է Hindustantimes.com-ը։

 

Տղամարդը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ծայրահեղ ծանր վիճակում։

 

Տնօրենի վրա հարձակվել են, երբ զոհերի ընտանիքների գլխավորությամբ զայրացած բնակիչներն այրել են դպրոցական ավտոբուսը և երկու դասասենյակ։

 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն ամբոխին հանգստացնելու ժամանակ տուժել է 8 ոստիկան։

 

Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ երկու դպրոցականները մոտեցել են առվին և սայթաքել, քանի որ նախօրեին առատ տեղացած անձրևի պատճառով ջրի մակարդակը բարձրացել էր։