Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ. քաղաքապետարան

15:26 • 29.06.15

 

 

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է հատուկ հսկողություն տակ պահել բակային տարածքների, թունելային կառույցների և ստորգետնյա անցումների լուսավորության անխափան ապահովմանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ արգելելով դրանցում լողալը, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:


Մայրաքաղաքում դպրոցների ավարտական և պետական քննությունների ընթացքի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ թվով 145 հիմնական դպրոցների շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները՝ ստանալով հիմնական կրթության վկայականներ: Շրջանավարտներից 125-ը ստացել են  հատուկ նմուշի գերազանցության վկայականներ: 13 միջնակարգ և կույրերի հատուկ դպրոցի 447 աշակերտները նույնպես հաջողությամբ հանձնել են քննությունները և ստացել վկայականներ:


Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: 38 մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ և սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել: