Բաղրամյան պողոտայում նախորդ օրերի համեմատ փոքրաթիվ է ցուցարարների ու ոստիկանների քանակը (ուղիղ, թարմացվում է)

09:36 • 30.06.15

Մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Արդեն 8-րդ օրն է, ինչ քաղաքացիները, դեմ արտահայտվելով  էլէներգիայի թանկացմանը, շարունակում են շուրջօրյա ակցիաները պողոտայում։ 

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում:



21:49


Փոխոստիկանապետը պնդում է, որ ցուցարարների շրջանում հարբած մարդիկ կան

 

Քիչ առաջ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների շարքերում հարբած մարդիկ կան: Նա ոստիկանների հետ շրջում էր ցուցարարների շրջանում: «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ի պատասխան ասաց, որ եթե ցույց տա նման վիճակում գտնվող մարդկանց, պատրաստ է ինքը ևս միանալ նրանց տարածքից հեռացնելու գործին:


Նշենք, նաև, որ ոստիկանությունը ցուցարարներին նաև թույլ չէր տալիս տեղադրել բարձրախոսներ, սակայն տարածքը շրջելուց հետո, որոշ ժամանակով թույլատրեց տեղադրել բարձրախոսները աղբամանների վրա:

 


21:38

Բաղրամյան պողոտայում համեմատաբար փոքրաթիվ է ցուցարարների ու ոստիկանների քանակը


Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնողների թիվը նախորդ օրերի համեմատ փոքրաթիվ է: Նրանք երգում են ազգային-ազատագրական երգեր, որոշներն էլ կանգնած զրուցում են: Համեմատաբար փոքրաթիվ է նաև տարածքում կենտրոնացված ոստիկանական ուժերի թիվը: Աղբամաններով կառուցված բարիկադներից վերև կազմված է ոստիկանական մեկ շարք:


Ժամանակ առ ժամանակ նրանք վանկարկում են՝ «չեղարկում», այնուհետև «հաղթանակ», «մենք ենք տերը մեր երկրի»:


Ակցիայի մասնակիցներից մեկը ցանկացավ ելույթ ունենալ և միայն հասցրեց արտաբերել՝ «պարոն Սերժ Սարգսյան» բառերը և միանգամից մյուս մասնակիցները բարձրախոսը վերցրին նրա ձեռքից և թույլ չտվին ելույթ ունենալ:


Կինը պնդում էր, որ ինքը վատ բան ասել չի ցանկանում, սակայն նրան այդպես էլ ձայնի իրավունք չտրվեց:

 
 



20:14


Բաղրամյան պողոտայի ցուցարարներից 2 երիտասարդներ ժամը 18.00-ի սահմաններում հացադուլ են հայտարարել՝ Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում, Թաիլանդի հյուպատոսարանի մոտ: Հայտնի է նրանց անունները՝ Հարություն Հարությունյան և Հայկ Պարիկյան։ Պահանջը՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

 

Նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հետաքրքրվեց, թե որքան ժամանակով են հացադուլ հայտարարել,  պատասխանեցին. «Մինչև մեր պահանջը կատարեն»:

 


16.16

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյանում են ու այստեղ մնացածների հետ քննարկում են հետագա անելիքները

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները՝ Վաղինակ Շուշանյանը, Մաքսիմ Սարգսյանը և այլք  Բաղրամյան պողոտայում են, որտեղ առանց լրատվամիջոցների ներկայության, քննարկում  են իրենց հետագա անելիքները Բաղրամյանում մնացած երիտասարդների հետ:

Քիչ հետո նրանք կհայտարարեն՝ ինչ է որոշվել շարժման հետագա անելիքների հետ կապված։


12.34

Էսքա՞նդ եք մնացել, մնացած բոլորը հիասթափվե՞լ են. Բաղրամյան պողոտա գնացած Վլադիմիր Գասպարյանն այս հարցը ուղղեց Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներին:

Ապա Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց. «Մեկ ամոթ է՝ մեկ էլ ասում եմ՝ մեր հասարակությունը թող սովորի հանդուրժողականություն»։

Հետո էլ հարցրեց՝«բա ուր՞ է կենդանի շիթը»:

Հարցերի շարանը շարունակվեց՝ հը, չհոգնեցի՞ք, ինչքան մարդ կլինի՞, մի  70՞:

Վլադիմիր Գասպարյանը նաև ասաց. «Մեր սերնդի ծերուկ ավազակները ստեղ չեն, գալիս խառնում, թողնում, թռնում են»:


11.18



Բաղրամյան պողոտայում բոլորին հրավիրում են պոնչիկ ուտելու, ինչի մասին հայտարարվեց բարձրախոսից:


10.45


Վալերի Օսիպյանը երիտասարդներից մեկին մեղադրեց դեմագոգ լինելու համար

«Սուրե՛ն, Դուք դեմագոգ եք և որտեղ կաք՝ դեմագոգում եք»,- բարկացած ասաց Երևանի փոխոստիկանապետը` Բաղրամյանում մնացած երիտասարդներին ասելով, որ պողոտան ազատելու հարցը թողել են վերջիններիս ինքնագիտակցության վրա:

«Այլապես կարող ենք օրենքով վերապահված «ձևերով» բոլորին կարգի հրավիրել»,–ասաց նա:

Օսիպյանը հավելեց, թե բոլորը իրենց գործողությունները համարում են ադեկվատ: Այո, դեմ չէ, որ հունիսի 23-ին այդքան էլ ադեկվատ չի եղել և կան ոստիկաններ, որոնք կենթարկվեն պատասխանատվության:

Երիտասարդներին միացած ավելի տարեց տղամարդը խառնվեց խոսակցությանը` հարց ուղղելով Օսիպյանին, թե վերջինս կասկածո՞ւմ է, որ վերջին 20 տարի ՀԷՑ-ում թալան է տեղի ունեցել:

«Ունե՞ք փաստեր, ներկայացրեք ոստիկանությանը կամ իրավասու մարմիններին… ասում եք, լսել եք, բոլորն են ասում»,- պատասխանեց Օսիպյանը։

Քաղաքացին էլ ի պատասխան հարցրեց` ողջ հայ ժողովուրդը հոգեխեղվա՞ծ է,  եթե այդպես է կարծում, ապա ինքը պատրաստ է բժշկից տեղեկանք բերել` կարող է իրո՞ք հիվանդ է ինքը:

Սակայն Օսիպյանը ասաց, որ մարդը գրագետ ու կիրթ մարդու տպավորություն է թողնում ու հիշեցրեց Նախագահ Սերժ Սարգսյանի` լրացուցիչ աուդիտ անցկացնելու հայտարարության մասին:



10.40


Վաղինակ Շուշանյանը կրկին Բաղրամյանում է 

Նշենք, որ այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա եկավ  «Ո՛չ թալանին» շարժման անդամներից Վաղինակ Շուշանյանը, ով երեկ չէ առաջին օրը մի մեծ  խմբի հետ տեղափոխվել էր Ազատության հրապարակ: 

Ոմանց դա ուրախացրեց, քանի որ Վաղինակին դիմավորեցին  «միացում» վանկարկումներով :
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին»-ը երեկ հայտարարել էր, որ դադարեցնում է նստացույցը և նշել, որ իրենց հետագա քայլերի մասին հանրության կտեղեկացնեն ասուլիսների միջոցով: 

Այսօր էլ Վաղինակ Շուշանյանը եկել էր որպես ՀՀ քաղաքացի:


10.22


Վալերի Օսիպյանը ակտիվիստներին մեղադրեց, որ նրանք վախենում են բարձրաձայնել, որ  Հայաստանում ոստիկանությունը բարեփոխված է




Հայաստանյան բողոքի ակցիաները լուսաբանող արտասահմանյան լրատվամիջոցները զարմացած են, թե «ինչպիսինն է ՀՀ ոստիկանությունը». այս մասին այսօր  Բաղրամյան պողոտայում մնացած հատուկենտ մարդկանց ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` ի պատասխան  ցուցարարներից մեկի դիտարկման, թե «որոշել են չվախենալ»:

«Այստեղ գտնվում են օտարերկրյա լրատվամիջոցներ, իրենք զարմացած են մնացած, թե ինչպիսին  է ՀՀ ոստիկանությունը, դուք էլ եք զարմացած, ուղղակի դուք վախենում եք ասել այդ մասին բարձրաձայն, որ սա մեր բարեփոխված ոստիկանությունն  է»,-հայտարարեց Վալերի Օսիպյանը:

Նա առաջարկեց չշարունակել թեման`  քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին՝ ասելով, որ  դա  կարգավորվում է օրենքով:

Օսիպյանը կրկին հայտարարեց, որ հարակից  շենքերի  բնակիչները  բողոքում են Բաղրամյանի աղմուկից և կոչ արեց գնալ այլընտրանքային հրապարակներ գտնել` բողոքի ակցիան շարունակելու համար:

Ի դեպ նշենք, որ  Բաղրամյան պողոտայում այսօր էլ նախկին ուրախ մթնոլորտը չկար, ինչի մասին դիտարկման ի պատասխան` ակտիվիստներից մեկն ասաց, որ պարտադիր չէ, որ տոն լինի անընդհատ, «տոնը մեր մեջ է, մեր սրտերում»:

Իսկ մեկ այլ երիտասարդ էլ, որ հոգնած նստած էր աղբամանի մոտ կոչ արեց իրենցից այս ժամերին հարցազրույց չվերցնել` հոգնած են, քնատ, ինչի պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, որ ադեկվատ չեն։

Հիշեցնենք, որ արդեն իսկ Բաղրամյան պողոտայում մնացածները որակվել են որպես առավել արմատական տրամադրված հատված: