20-րդ դարի ամենասիրված դերասաններից մեկը... ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Մհեր Մկրտչյանին (լուսանկարներ, տեսանյութ)

12:01 • 04.07.15

Հանրահայտ հայ դերասան Մհեր Մկրտչյանը (լրատվամիջոցը ներկայացնում է Ֆրունզիկ Մկրտչյան-Tert.am) 20-րդ դարի ամենասիրված դերասաններից է։ Նա հայտնի է եղել ամբողջ Խորհրդային միությունում՝ իր տաղանդավոր դերակատարմամբ, հանրահայտ մեծ քթով, անհուն աչքերով... Նա շատ դերեր չի կատարել, սակայն իր խաղացած յուրաքանչյուր հերոսն անջնջելի հետք է թողել հանդիսատեսի սրտում և հիշողության մեջ, գրում է Российская газета-ն՝ ուշագրավ անդրադարձ ներկայացնելով դերասանի ծննդյան 85-ամյակի առթիվ։

 

Նա ապրել է երկու անձնագրով


Ֆրունզե Մկրտչյանը ծնվել է 1930-ի հուլիսի 4-ին Լենինականում (Գյումրի)։ Դերասանն ունեցել է երկու անուն՝ Մհեր, այդպես նրան անվանում էին ընտանիքում և ընկերական շրջապատում, իսկ երկրորդը՝ Ֆրունզե, այդպիսի անուն նա ստացել է ի պատիվ Քաղաքացիական պատերազմի հայտնի հերոսի։ Ասում են՝ նա ունեցել է երկու անձնագիր՝ ամեն անվանը համապատասխան։

 

Կադրում հայտնվել է միայն ոտքը


1940-ականներին նրա հորը ձերբակալել են գողության համար, որը նա կատարել էր ընտանիքը կերակրելու համար։ Նա փորձել էր կտորեղեն դուրս բերել կոմբինատի տարածքից։ Դերասանի հորը դատապարտել են 10 տարվա ազատազրկման։ Թատերական ինստիտուտ դիմելու մասին խոսք անգամ լինել չէր կարող։

 

1947-ին Ֆրունզիկն ավարտել է դպրոցը և գործի անցել գործարանում։ Նա միայն 1956-ին է ավարտել Երևանի թատերագեղարվեստական ինստիտուտը և անմիջապես աշխատանքի անցել Սունդուկյանի անվան թատրոնում։ Դերասանին նույն տարում հաջողվել է նկարահանվել իր առաջին դերում՝ Ալեքսանդր Ռոուի «Սևանա լճի գաղտնիքը» ֆիլմում։ Նա կատարել է քարերը ճանապարհից հավաքող տղայի դերը։ Մոնտաժման ընթացքում պարզվել է, որ կադրում հայտնվել է միայն Ֆրունզիկի ոտքը։ Արդեն 1960-ին Ֆրունզիկ Մկրտչյանը կարողացել է «ամբողջությամբ» նկարահանվել «Նվագախմբի տղաները» ֆիլմում։

 

Վարորդ Խաչիկյանը


Անկեղծ և բարի վարորդի դերը Ֆրունզիկը կատարել է Գեորգի Դանելիայի «Միմինո» կատակերգության մեջ։ Հետաքրքրական է, որ ի սկզբանե ֆիլմում Ֆրունզիկի կերպարը չի եղել, այն հետո է ավելացվել սցենարի որոշ փոփոխությունների արդյունքում։ Հայտնվել է հայաստանցի վարորդ Ռուբիկ Խաչիկյանի կերպարը, որը դերասանը փայլուն է կատարել։


Անձնական ողբերգություն


Ֆրունզիկ Մկրտչյանի կինը՝ Դոնարա Մկրտչյանը, «Կովկասի գերուհին» ֆիլմում խաղացել է դերասանի կերպարի կնոջ դերը։ Սկզբում նրանց միությունը երջանիկ է եղել, երկու երեխաներ են ունեցել, սակայն որոշ ժամանակ անց Դոնարան հիվանդացել է։ Նրա մոտ ախտորոշվել է ժառանգաբար փոխանցվող ծանր հոգեկան հիվանդություն։ Ֆրունզեն կնոջը տարբեր բժիշկների մոտ է ուղեկցել՝ փորձելով բուժում գտնել, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել։ Դոնարան իր վերջին 25 տարին անցկացրել է հոգեբուժարանում։ Նրանց որդուն՝ Վազգեն Մկրտչյանին, փոխանցվել է հիվանդությունը։

 

Ֆրունզիկն այդ ամենի հետևանքով մեկուսացավ և սկսեց մարդկանց հետ ավելի քիչ շփվել...

 

Դերասանի մահը


Դերասանը մահացավ 1993-ի դեկտեմբերի 29-ին՝ Ամանորից մի քանի օր առաջ։ Դեկտեմբերի 31-ին հայրենակիցները Նոր տարվա շամպայնը խմել են լուռ՝ հարգանքի տուրք մատուցելով տաղանդավոր դերասանին։

 

 

Թևավոր խոսքեր


«Միմինո» ֆիլմում բեռնատարի վարորդ Ռուբիկ Խաչիկյանը թևավոր խոսք դարձած արտահայտություններ է արել, որի դերը կատարել է Ֆրունզիկ Մկրտչյանը։

 

Валик-джан, я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: ты и она не две пары в сапоги...

Иди сюда, я тебе умный вещь скажу! Только ты не обижайся!

Вы почему кефир не кушаете? Не любите?

Слушай, я русский язык не хорошо знаю... Он пошел туалет, а Валико постучал дверь и сказал, что тоже... хочет... Такие вопросы задаете, что неудобно отвечать... даже...

Эти "Жигули"... чем думают, я не знаю. Под ногами крутятся, крутятся, крутятся...

 

Տեսանյութում դրվագ «Միմինո» ֆիլմից՝

20-րդ դարի ամենասիրված դերասաններից մեկը... ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Մհեր Մկրտչյանին (լուսանկարներ, տեսանյութ)