Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին առկա տարաձայնությունների ֆոնին

21:01 • 18.10.26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։

«Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ։ Ողջույններս եմ փոխանցում Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևին և մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, որոնց հետ միշտ միասնական ենք թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին», - գրել է Էրդողանը։

Շնորհավորանքը հնչում է Անկարայի ու Բաքվի միջև վերջին տարաձայնությունների ֆոնին։ Նախօրեին ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած Qafqazinfo-ն գրել էր, թե Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում գաղտնի հանդիպում է անցկացրել և հանձնարարականներ տվել՝ հնարավոր հեղաշրջման ծրագրերի հետ կապված։ Անկարան կտրուկ հերքել էր հրապարակումը, որն ավելի ուշ հեռացվել էր կայքից։

Մինչ այդ երկու երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել նաև Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ։