Մյանմայում համաներում է շնորհվել ցմահ ազատազրկման դատապարտված 153 չինացի անտառահատներին
Մյանմայում (Բիրմա) համաներում է շնորհվել 153 չինացիների, ովքեր ցմահ ազատազրկման էին դատապարտվել անտառահատման համար։ Ազատ են արձակվել նաև չինաստանցի 2 անչափահասներ, ովքեր մասնակցել են ապօրինի անտառահատումներին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Մոտ ժամանակում նրանց ավտոբուսներով կբերեն երկու երկրների միջև սահմանին, գրում է Лента-ն։
Բացի չինացի անտառահատներից, համաներում է շնորհվել նաև 6.811 մարդու։ Նրանց մեծամասնությունը Մյանմայի բնակիչներ են։
Երկրի իշխանությունները որոշել են ազատ արձակել անտառահատներին Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին երկրի դատարանը Չինաստանի 153 քաղաքացիների դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ անօրինական անտառահատման համար։










