Hyundai-ի գլխավոր բաժնետեր Չոն Մոնջունը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին փոխնախագահ և Ֆուտբոլի կորեական ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում, գրում է Interfax.ru-ն:
«Պարոն Պլատինիի (Միշել Պլատինի) համար շատ դժվար կլինի կարևոր բարեփոխումներ իրականացնել ՖԻՖԱ-ում, քանի որ նա այդ համակարգի ներկայացուցիչ է»,- հայտարարել է Մոնջունը:
«Նախագահ Բլատերի հետ ՖԻՖԱ-ն փակ կազմակերպություն է դարձել, և ես ցանկանում եմ դա փոխել»,- ընդգծել է նա:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին: Կազմակերպության ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերը հունիսին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Մոնջունը Hyundai-ի գլխավոր բաժնետերն է: 2015 թվականին Forbes ամսագրի վարկանշային ցանկում նրա կարողությունը գնահատվել է 1,14 միլիարդ դոլար:
Պաշտոնին հավակնում են նաև ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Միշել Պլատինին, ով պաշտոնապես հայտարարել է իր որոշման մասին նախօրեին:










