Կադիրովը պատմել է իր դեմ մահափորձերի ու «Իսլամական պետության» դեմ կռվելու «երազանքի» մասին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր դեմ բազմաթիվ մահափորձեր են եղել, որոնց մասին չի պատմել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Շատ են եղել, ես պարզապես չեմ խոսել այդ մասին, անհարմար է խոսել»,- ասել է Կադիրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր դեմ վերջին տարիներին մահափորձեր եղե՞լ են:
«Մի քանի ամիս առաջ Չեռնորեչյեում՝ չորս ամիս առաջ: Ես ամեն անգամ օբյեկտն եմ ստուգում: Այնտեղ խողովակ կա, որն ականապատել էին: Այնտեղ նաև հարթակ կա, որտեղ ես ամեն օր լինում եմ: Դա էլ էին ականապատել»,-ասել է Չեչնիայի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կադիրովն Արևմուտքին մեղադրել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը նպաստելու համար:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կմեկներ «Իսլամական պետության» դեմ կռվելու, եթե նման հնարավորություն ունենար:
«Հաճույքով, դա իմ երազանքն է: Լինել մարտիկ՝ նշանակում է լինել աշխարհի ամենաբարի մարդը: Կյանքի իմաստն է լինել օգտակար ու զոհաբերել անձդ՝ հանուն ամենաբարձրի և հանուն ժողովրդի, դա երջանկություն է»,-ասել է Կադիրովը:
Նա նշել է, որ կպատերազմեր ԻՊ-ի դեմ, եթե Ռուսաստանը մասնակցեր խմբավորման դեմ ռազմական կոալիցիային:
Կադիրովը նաև հայտարարել է, թե միակ մարդը, որը կարող է համակարգել միջազգային ջանքերն ԻՊ-ի դեմ պաքարում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Չեչնիայի նախագահի համոզմամբ՝ այժմ ԻՊ-ի ոչնչացման համար ոչինչ չի արվում:










