Քուրդ զինյալները փորձել են պայթեցնել Անկարայից Թեհրան շարժվող գնացքը
Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները հինգշաբթի օրը հեռակառավարվող ռումբ են պայթեցրել Թուրքիայի արևելյան Բինգյոլ շրջանում՝ Անկարա-Թեհրան գնացքի երթուղու ճանապարհին, վիրավորներ չկան: Այդ մասին հայտնել է նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը, գրում է ria.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Սուվերեն և Գենչ կայարանների միջև ընկած հատվածում, ռումբը պայթել է գնացքի անցնելու ժամանակ, սակայն այն դուրս չի եկել գծերից և շարունակել է երթևեկությունը:
Պայթյունի հատվածում երկաթուղային ճանապարհը վնասվել է: Իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ոստիկանությունը որոնում է ռումբը պայթեցնողներին:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է վերջին օրերին Սիրիայի հետ սահմանին՝ Սուրուչում, ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչությունից և հարավ-արևելյան շրջաններում ոստիկանների սպանություններից հետո, ինչի համար պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ օրվանից ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի և Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ: Հարվածները հասցվում են F-16 կործանիչներից, ինչպես նաև Թուրքիայի սահմանամերձ գոտուց տանկերից և հրետանիից: Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն իր կայքում հայտարարել է, որ Անկարայի հետ հրադադարը «կորցրել է իմաստը»:










