«Թալիբան» շարժումը նոր առաջնորդ է ընտրել. աղբյուր

16:35 • 30.07.15

«Թալիբան» շարժումը նոր առաջնորդ է ընտրել: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել աղբյուրներից, գրում է gazeta.ru-ն:

 

Ինչպես նշվում է՝ շարժման նոր առաջնորդ է դարձել Աքթար Մուհամեդ Մանսուրը:

 

Քվետա քաղաքի մերձակայքում անցկացված ժողովը «Թալիբանի» նոր էմիր է ընտրել մուլա Մանսուրին:

 

Ավելի վաղ աֆղանական կառավարությունը հայտարարել էր, որ նախկին առաջնորդ մուլա Օմարը սպանվել է ավելի քան երկու տարի առաջ:

 

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում հայտարարել են, որ «Թալիբան» շարժման ղեկավար մուլա Մուհամեդ Օմարի մահվան մասին տեղեկությունը վստահելի են համարում:

 

Այնուամենայնիվ, հուլիսի 29-ին «Թալիբան» աֆղանական ծայրահեղական շարժումը հերքել է իր ղեկավարի՝ մուլա Մուհամեդ Օմարի մահվան մասին հաղորդագրությունները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Կարի Յուսեֆ Ահմադին: Նրա խոսքով՝ Օմարը «ողջ է և շարունակում է ղեկավարել շարժումը»:

 

Մուլա Օմարը «Թալիբանը» ղեկավարել է 1990-ականների առաջին կեսին շարժման ձևավորումից ի վեր: 1996-ից մինչև 2001 թվականը նա փաստացիորեն եղել է Աֆղանստանի ղեկավարը: