«Թուրքական հոսք» գազատարի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունները դադարեցվել են
Reuters լրատվականին հղում կատարելով` ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիա - Ռուսաստան բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ դադարեցվել են:
«Կոմերսանտը» մանրամասնում է, որ բանակցությունների դադարեցման պատճառը գազի գնի շուրջ տարաձայնություններն են. Թուրքիան և Ռուսաստանը այդպես էլ վերջնական համաձայնության չեն եկել, թե ինչ չափի զեղչ պետք է արվի Անկարայի համար:
Reuters-ը իր ներքին աղբյուրներին վկայակոչելով` հայտնում է, որ կա նաև այլ խնդիր. Ռուսաստանը պնդում է, որ գազատարը 4 ճյուղ ունենա, այն դեպքում, երբ թուրքական կողմը ցանկանում է միայն իրեն ձեռնտու մեկ ճյուղ ունենալ:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել էին, որ «Թուրքական հոսքի» շինարարության ժամկետները կարող են հետաձգվել:
Նախագիծը նախատեսում է 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում, որի հիմնական մասն անցնելու է Սև ծովի հատակով:
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական Botas ընկերությունները 2014 թվականի դեկտեմբերի 1-ին 63 մլրդ խորանարդ մետր ծավալով գազատար կառուցելու մասին հուշագիր էին ստորագրել, որով ռուսական գազը Սև ծովով հասնելու է Թուրքիա:
Ընկերություններն արդեն որոշել են նոր գազատարի երթուղին՝ ծովային հատվածով. այդ 660 կմ ձգվելու է այն երթուղով, որով նախատեսվում էր «Հարավային հոսք» գազատարի կառուցումն ու 250 կմ նոր միջանցքով՝ դեպի Թուրքիայի եվրոպական մաս:










