ԶԼՄ-ները բացահայտել են մալայզիական Boeing-ի անհետանալու հիմնական վարկածը
ԱՄՆ հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ 2014 թվականին Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing օդանավը, որի բեկորը ենթադրաբար գտնվել է Ռեյունիոն կղզում, կործանվել է այն կառավարող անձանց գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Հատուկ ծառայությունների զեկույցը պատրաստվել է մի քանի ամիս առաջ և նախատեսված չի եղել հրապարակման համար: Դրանից հետևում է, որ առկա, այդ թվում նաև արբանյակներից ստացված տեղեկություններն ուսումնասիրած փորձագետները եկել են եզրակացության, որ օդաչուների խցիկում գտնվող անձինք մտադրված շեղել են ինքնաթիռը ճանապարհից և այն ուղղել Հնդկական օվկիանոսի հարավային հատված:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, հետախուզության եզրակացությունները վերջնական չեն, սակայն այդ տեսակետն առավելագույնն է տարածված Վաշինգտոնում:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի առավոտյան Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզու ափին գտնվել է ինքնաթիռի թևի մի հատված: Ավիացիոն անվտանգության հարցերով փորձագետները հայտարարել են, որ «շատ հավանական է», որ այն պատկանում է անցած տարի կորած մալայզիական Boeing-ին:
Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնող Boeing-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, կորել է ռադարների էկրաններից 2014 թվականի մարտի 8-ին:










