«Նորք-Մարաշ» ԲԿ մասնագետները «Բաց դռների օր» են կազմակերպել Գավառի բժշկական կենտրոնում
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավարության միջեւ հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 31-ին Գավառի բժշկական կենտրոնում առողջապահական «Բաց դռների օր» են անցկացրել մայրաքաղաքի «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբաններն ու անոթային վիրաբույժները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, Գավառի բժշկական կենտրոնում հետազոտման են ներկայացել մոտ 105 այցելուներ:
Մասնագետների կողմից կատարվել է հիվանդների էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, իսկ առավել թեթեւ խնդիրներ ունեցողներին նշանակվել է դեղորայքային բուժում: Առավել ծանր հիվանդներ ուղեգրվել են մայրաքաղաքի մասնագիտացված հիվանդանոցներ:
Գավառի բժշկական կենտրոնում «Բաց դռների օրվա»-ն հաջորդել է փորձի փոխանակմանն ուղղված սեմինար-պարապմունքը, որին մասնակցել են սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ եւ թերապեւտներ: Նույն աղբյուրի հավաստմամբ` Գեղարքունիքի մարզում «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբան բժիշկներն անցած շաբաթ եղել են Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում, որտեղ հետազոտել են ավելի քան 100 հիվանդների:










