Զիմբաբվեն ԱՄՆ-ից պահանջել է իրեն հանձնել Սեսիլ մականունով հայտնի առյուծին սպանողին

15:33 • 31.07.15

Լուսանկարը՝ nypost.com-ի


Զիմբաբվեն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել որսորդ Ուոլթեր Փալմերին, ով անօրինական սպանել է Սեսիլ մականունով հայտնի առյուծին։

 

«Մենք իրավասու իշխանություններից պահանջում ենք որսորդի արտահանձնումը Զիմբաբվեին, որպեսզի նա իրականացրած հանցագործությունների համար կանգնի դատարանի առաջ»,- հայտնել է Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների և կլիմայի պահպանության նախարար Օպա Մուչինգուրին։

 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ երկու օր առաջ Զիմբաբվեում դատական գործընթաց է սկսվել Սեսիլ առյուծի սպանության հարցով։ Դատարանի առջև են կանգնել Զիմբաբվեի բնակիչներ Տեո Բրոնքհորսթը և Օնեսթ Նդլովուն։ Հարուստ որսորդ Ուոլթեր Փալմերը նրանց 50.000 դոլար է վճարել, որպեսզի նրանք երկրի ամենահայտնի առյուծին դուրս բերեն հսկվող տարածքից և հնարավորություն տան կրակել նրա վրա։ Նրանց որսագողության մեղադրանք է ներկայացվել։

 

Փալմերը, ով լքել է Զիմբաբվեն, խոստովանել է, որ սպանել է առյուծին, սակայն վստահեցնում է,  որ զբաղվել է թույլատրելի որսով։