Սաակաշվիլիին մեղադրել են զրպարտության համար և ցանկանում են դատի տալ

17:07 • 31.07.15

Ուկրաինական «Միլենիում 2003» ընկերությունը հայց է ներկայացնելու սխալ տեղեկության համար ընդդեմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի։ Ընկերությունում հայտնել են, որ հայցի ներկայացման պատճառն ընկերության հասցեին հնչած մեղադրանքն է, որը Սաակաշվիլին ասել է հուլիսի 23-ին, փոխանցում է Корреспондент-ը։

 

Այդ ժամանակ Սաակաշվիլին հայտարարել էր, որ «բեռների մաքսազերծման մենաշնորհները պատկանում են ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկուն ենթակա «Միլենիում 2003» ընկերությանը»։

 

Ընկերության փոխտնօրեն Սամվել Բարիկյանը հերքել է տվյալ տեղեկությունը և հայտարարել, որ իրենց ընկերությունը երբեք չի տրամադրել բրոքերային ծառայություններ բեռների մաքսազերծման համար։ Նրա խոսքով՝ 2007-ից ընկերության միակ գործունեությունն ավտոտրանսպորտային միջոցներով բեռների կշռման, ինչպես նաև պահեստային ծառայություններ տրամադրելն է։

 

«Մենք իսկապես փորձել ենք ստանալ բեռների մաքսային համալիրի բացման թույլտվություն։ Պաշտոնական հայտ ենք ներկայացրել, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել»,- նշել է Բարիկյանը։

 

«Միլենիում 2003» ընկերությունում նշում են, որ Սաակաշվիլիին սխալ են իրազեկել, ինչի արդյունքում նա սխալ տեղեկություններ է տարածել։