Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատացել է

11:44 • 31.07.15

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է. այդ մասին ահազանգել է նրա փաստաբան Էլչին Գամբարովը։

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, փաստաբանը գրել է, որ երեկ հանդիպել է իր պաշտպանյալի հետ։ Վերջինս որովայնի շրջանում կտրուկ ցավեր է ունենում, շարունակական փսխում, ինչի պատճառով էլ չի կարողանում սնունդ ընդունել։

 

«Բուժօգնության բացակայությունը նրան լիարժեք բուժվելու հնարավորություն չի տալիս։ Այս պահին նա դեղահաբեր է ընդունում, սակայն նրան անհրաժեշտ է լավ սնունդ, մրգեր ու մսային ճաշատեսակներ։ Սակայն նրան շաբաթը մեկ անգամ մթերք փոխանցելը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա պատժախցում միայնակ չէ, թույլ չի տալիս լիարժեք սնվել»,-ասել է փաստաբանը։