Քիշնևում ոստիկանությունն ապամոնտաժել է սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների վրանները
Լուսանկարը՝ Kommersant/Օլեգ Նիկիշինի
Քիշնևում (Մոլդովա) ոստիկանությունը հանել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների վրանները, գրում է agora.md-ն։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քիշնևի վերաքննիչ պալատն ապօրինի է ճանաչել վրանների տեղադրումը գործարար, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Պլախոտնյուկի տան առաջ։
Իրավապահների գործողությունների մասին տեսանյութը հրապարակել է agora.md կայքը։ Մի քանի տասնյակ ցուցարարներ մնացել են բողոքի ցույցի վայրում։
«Մենք ամեն օր այստեղ կգանք, մինչև սակագների բարձրացման մասին որոշումը չեղարկվի»,-ասել է «Կարմիր բլոկ» կուսակցության ղեկավար Գրիգորի Պետրենկոն, ով միևնույն ժամանակ ցույցի կազմակերպիչներից է։
Հիշեցնենք, որ Պլախոտնյուկի տան մոտ անցկացվող ակցիան սկսվել է անցյալ շաբաթ։










