Թայվանում ուսանողները ներխուժել են Կրթության նախարարության շենք

10:21 • 01.08.15

Լուսանկարը՝ EPA/UPG-ի

 

Թայվանում հարյուրավոր ուսանողներ ներխուժել են Կրթության նախարարության շենք՝ պահանջելով պատմության գրքերից հեռացնել «չինամետ» մեկնաբանությունը, գրում է The Independent-ը։

 

200 հոգուց բաղկացած խումբը, բարձրանալով ցանկապատի վրայով, ներս է մտել նախարարության շենք և գիշերել այնտեղ։

 

Ուսանողներին վրդովվեցրել է, որ դասագրքերում պատմական փաստերը վերաշարադրվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեսանկյունից, որի հետ Թայվանը բարդ հարաբերությունների մեջ է։

 

Ոստիկանները հրաման են ստացել չխոչընդոտել ուսանողների բողոքի ակցիային։ 

 

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը, չնայած նրան, որ կղզին արդեն 60 տարի շարունակ ինքնավար է։ Թայվանն ինքնակառավարվում է 1949-50-ականների քաղաքացիական պատերազմից ի վեր։