Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Իլգար Մամեդովին

15:29 • 05.08.15

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ուղերձով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին և մտահոգություն հայտնել կալանքի տակ պահվող ՌԵԱԼ՝ «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ, գրում է contact.az-ը:

 

Ինչպես նշվում է շարժման հաղորդագրությունում, նա նաև կոչ է արել անհապաղ և անվերապահորեն կատարել Մամեդովի ազատ արձակման մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

 

Կայքը հիշեցնում է, որ Յագլանդը երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել Մամեդովի անօրինական հետապնդումը և ազատ արձակել նրան:

 

Անցած շաբաթ Մամեդովի վրա հարձակում են գործել այլ կալանավորներ, ովքեր նրան վնասվածքներ են հասցրել: Նախօրեին Մամեդովի փաստաբանը հայտարարել է Իսմայիլիում զանգվածային անկարգություններ հրահրելու համար շինծու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված շարժման առաջնորդի կյանքին սպառնալիքների մասին: