12-ամյա բրիտանուհին իր IQ-ի մակարդակով գերազանցել է Էյնշտեյնին և Հոքինգին
Ինտելեկտի (IQ) գործակցի 162 բալ անհավանական ցուցանիշը թույլ է տվել 12-ամյա բրիտանացի աշակերտուհի Նիկոլ Բարին երկու բալով առաջ անցնել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիրներից մեկից՝ Ալբերտ Էյնշտեյնից, ինչպես նաև մեր օրերի ամենաազդեցիկ ֆիզիկոսներից մեկից՝ Սթիվեն Հոքինգից, գրում է ria.ru-ն:
Նման արդյունքների շնորհիվ Նիկոլը դասվել է մոլորակի ամենախելացի մարդկանց շարքին:
«Նա շատ աշխատասեր է: Դասերից հետո գնում է երկարօրյա խմբակ և մինչև այժմ ոչ մի օր բաց չի թողել»,- պատմել է աղջկա մայրը՝ հավելելով, որ Նիկոլը պատրաստվում է մանկաբույժ դառնալ:
«Լավ է, որ մենք նորություններում ենք հայտնվել, հնարավոր է՝ ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: Դա խոսում է այն մասին, որ կարևոր չէ՝ որտեղից ես, ցանկացած մարդ կարող է փայլուն ակադեմիական խելքի տեր լինել»,- ասել է աղջկա հայրը:
Նշվում է, որ հասուն մարդու IQ-ի միջին մակարդակը կազմում է 100 բալ: 140 բալից բարձր ցուցանիշի դեպքում մարդը հանճար է համարվում:










