Մարդիկ արգելափակված են մնացել Խաբարովսկում միմյանց բախված ավտոբուսներում, հաղորդվում է 16 զոհի մասին

12:30 • 05.08.15

Փրկարարները սղոցում են Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում միմյանց բախված ավտոբուսները, որպեսզի ազատեն այնտեղ մնացած վիրավորներին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է շրջանի արտակարգ ծառայության աղբյուրը:

 

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով 08:25-ին, Խաբարովսկ- Ամուրի Կոմսոմոլսկ ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրին։

 

Աղբյուրի վերջին տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 16 մարդ, 10 հոգի ստացել են ծանր վնասվածքներ, 11-ը՝ միջին:

 

«Իրականացվում են վիրավորներին արգելափակումից դուրս բերելու աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, երկու ավտոբուսներում, նախնական տվյալներով, կարող էր լինել մինչև 73 մարդ: Հնարավոր է՝ սեղմված մեքենաներում այժմ կա 36 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ոստիկանությունում կարծում են, որ պատահարը կարող էր տեղի ունենալ արագությունը գերազանցելու պատճառով, գրում է РИА Новости-ն:

 

ՌԴ ՆԳՆ Խաբարովսկի երկրամասի վարչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը ТАСС գործակալությանը հայտնել է, որ պատահարի նախնական պատճառը կարող էր լինել ավտոբուսներից մեկի դուրս գալը հանդիպակաց գոտի՝ վազանց կատարելու նպատակով։