Նաիրիտցիների աշխատավարձերը վճարված են, այժմ նրանք կպայքարեն գործարանի վերագործարկման համար

13:07 • 05.08.15

«Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը և գործարանի  արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ուրախությամբ հայտարարեցին, որ բոլոր նաիրիտցիների 18-24 ամիսների աշխատավարձերը փոխանցվել են, սակայն իրենց պայքարը այսքանով չի ավարտվում. սեպտեմբերից մեծ թափով սկսելու են գործարանի վերագործարկմանն համար պայքարը։


«Մենք միայն մեր պայքարի շնորհիվ ենք այսօր հաղթանակ տոնում։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նաիրիտցիներին ու շնորհակալություն հայտնել լրագրողներին, այս բոլոր ամիսներին ընթացքում մեզ հետ լինելու ու ակտիվորեն լուսաբանելու համար»,- ասաց Անուշ Հարությունյանը։


Հրաչ Թադևոսյանն էլ իր հերթին նշեց, որ իր կարծիքով իրենց հաղթանակը ոչ միայն իրենց համառության շնորհիվ է, այլ  նաև ՀՀ իշխանությունների բարի կամքի։


«Մեր կողքերը լուծարված շատ գործարաններ կան, որոնց աշխատողները այդպես էլ չեն ստացել աշխատավարձերը։ Հանրապետության ղեկավարությունը քաջություն ունեցավ մեր խնդիրը վերցնել իր վրա, բայց եթե նայում ես խնդրին գլոբալ առումով, ապա պետք է ասել, որ խնդիրը կապված էր դրսի հետ, ու բանակցությունը միայն ռուսների հետ չէր»,- ասաց նա։


Անուշ Հարությունյանը ցավով նշեց, որ շատերի աշխատավարձերը հազիվ բավականացնելու է այս ամիսների ընթացքում կուտակած պարտքերը մարելուն և  նրանցից շատերը չունեն աշխատանք։ Նա նաև ընդգծեց, որ եթե չվերագործարկվի գործարանը, շատերը բռնելու են արտագաղթի ճամփան:


«Նաիրիտի մի շարք աշխատողներ, օրինակ՝ քիմիական մասնագետները, Հայաստանում այլընտրանքային աշխատանք չունեն, ոչ մեկ նրանց աշխատանք չի առաջարկում, նա չի կարող գնալ աշխատել սպասարկման ոլորտում։ Դրսում իրենց շատ մեծ աշխատավարձեր են խոստանում, ու մարդը գայթակղությանը մի օր չի դիմանալու, եթե այստեղ ոչինչ չեն առաջարկում իրեն»,- ասաց նա։


Անդրադառնալով համաշխարհային բանկի կողմից անցկացված աուդիտին, համաձայն որի՝ գործարանը ենթակա է լուծարման, Անուշ Հարությունյանը չհամաձայնեց ու նշեց, որ բոլորը գիտեն՝ գործարանը վերագործարկելն այսօր ավելի շահավետ է, քան փակելը։


Հրաչ Թադևոսյանն էլ ընդգծեց, որ գործարանի բոլոր սարքավորումները սարքին վիճակում են և դեռ երկար տարիներ կարող են աշխատել։


«Պետք է գտնեն ներդրողների ու այնպիսի կազմակերպության տրվի, որը կկարողանա լավ կառավարում իրականացնել։ Խնդիրը հետևանք է վատ կառավարման»,- ասաց նա։