Ռուսաստանում շարունակվում է «Տանկային բիաթլոնը», Հայաստանի թիմը լավ ցուցանիշներ է գրանցում (լուսանկարներ)
Լուսանկարում՝ Հայաստանի թիմի տանկը
Ռուսական Ալաբինո պոլիգոնում անցկացվող Բանակային միջազգային խաղերի գլխավոր մրցավար գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն հայտնել է, որ խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի անհատական մրցարշավի առաջին անձնակազմերի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Ղազախստանի հավաքականը, փոխանցում է РИА Новости-ն։
««Տանկային բիաթլոնում» առաջին անձնակազմերի մրցարշավների արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Ղազախստանը, 2-րդ տեղում է ՌԴ հավաքականը, իսկ 3-րդում՝ Հայաստանը։ Դա նախնական տվյալներն են։ Ամեն ինչ կարող է փոխվել, կարող են փոխվել առաջատարները։ Անձնակազմերի միջև պայքարը շատ լարված է, բոլորը ջանքեր են ներդնում բանակային այս խաղերում լավագույնի կոչմանն արժանանալու համար»,- ասել է Գորբատենկոն։
Օգոստոսի 4-ին ավարտվել են 2-րդ անձնակազմերի բոլոր մրցարշավները։ «Անհատական մրցարշավ» անվանակարգում հաղթելու համար պայքարել է 9 անձնակազմ։
Անհատական մրցարշավների առաջատարները կորոշվեն օգոստոսի 6-ին՝ բոլոր 13 թիմերի մասնակցությունից հետո։ Լավագույն 8 թիմերը կշարունակեն պայքարը եզրափակիչ «Էստաֆետ» փուլում, որի կիսաեզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 15-ին։





















