Սուրիկ Խաչատրյանը պնդում է՝ որդին հոգեկան խնդիրներ չունի

14:18 • 06.08.15

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր կառավարության նիստից հետո եկել էր գործադիրի շենք և լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հոգեկան խնդիրներ չունի:

Հարցին՝ եթե հոգեկան խնդիրներ չունի, ապա ինչո՞ւ բանակ չի զորակոչվել, Սուրիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ նախորդ քրեական գործերի պատճառով որդին 3 ամիս ձերբակալված է եղել, այդ իսկ պատճառով տարկետում են վերցրել:


Հիշեցնենք, որ Pastinfo.am-ը տեղեկացրել էր, որ ռազմաբժշկական հանձնաժողովը Տիգրան Խաչատրյանի մոտ ախտորոշել է «չափավոր արտահայտված նևրաստենիա» և զինվորական ծառայությունը կրելու 3 տարով տարկետում տրամադրել։


Հիշեցնենք նաև, որ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի համար, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ և կալանքի տակ է գտնվում հուլիսի 27-ից:


Հարցին, թե ինչո՞ւ ձերբակալեցին իր որդուն և արդյոք ձերբակալությունն անակնկալ չէր, մարզպետն ասաց, որ ձերբակալությունն անօրինական էր, որովհետև որդին կապ չունի և ընդհանրապես տեղյակ չէ:


«Ամեն դեպքում խնդիրներ չեմ տեսնում, քննությունը կգնա իրա արդար ճանապարհով և լուծումը կստանա»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե իրավապահ մարմինները, փաստորեն, իր թիկունքին չեն կանգնում, մարզպետը պատասխանեց, թե իրավապահ մարմինները միշտ էլ իրենց գործն են կատարում, և որևէ մեկի թիկունքին չեն կանգնում:


«Իրավապահ մարմիններն հիմնականում իրենց գործն են կատարում, թիկունքին կանգնելու խնդիրը բացառում եմ, քանի որ նման բան չկա»,- ընդգծեց նա:


Հարցադրմանը, թե չե՞ք պատրաստվում հրաժարական տալ, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ պատրաստվում ուրախացնել ձեզ»:


Վերջում նա նկատեց, որ կառավարություն է եկել մարզում հրդեհային իրավիճակին վերաբերող հարցեր քննարկելու համար: