Մահացել է BMW ընկերության համասեփականատեր Յոհանա Քվանդթը
Գերմանիայում օգոստոսի 3-ին մահացել է BMW ավտոմոբիլային կոնցեռնի համասեփականատեր Յոհանա Քվանդթը։ Այդ մասին երեկ հայտնել է նրա անվան հիմնադրամը։ Խոշոր արդյունաբերող Հերբերթ Քվանդթի այրին կյանքից հեռացել է 89 տարեկանում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Յոհանա Քվանդթը ծնվել է Բեռլինում 1926-ին։ 1960-ին ամուսնացել է Հերբերթ Քվանդթի հետ, ով ամենահաջողակ գերմանացի գործարարներից էր։ 1982-ին ամուսնու մահից հետո նա ժառանգել է նրա տեղը մի շարք ընկերությունների, այդ թվում՝ BMW-ի, դիտորդական խորհուրդներում։ Նրան էր պատկանում կոնցեռնի բաժնետոմսերի 16.7%-ը։ Իր երկու երեխաների բաժնետոմսերի հետ նրա ընդհանուր բաժինը կազմում էր մոտ 47%։
Քվանդթների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 30 մլրդ եվրո, Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից է։ Յոհանան զբաղեցնում էր Forbes-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 77-րդ հորիզոնականը։










