Հարավային Օսիան 2 օրով կփակի Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեն անվտանգության ուժեղացման նկատառումներով 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման ժամանակահատվածում կփակի Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության Facebook-յան էջում, գրում է gazeta.ru-ն:
«2008 թվականի օգոստոսյան պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման ժամանակահատվածում անվտանգության ռեժիմի ուժեղացման կապակցությամբ օգոստոսի 7-ին և 8-ին դադարեցվում է Վրաստանի հետ պետական սահմանը հատելու վայրերում քաղաքացիների անցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ քաղաքացիների տեղաշարժը կվերականգնվի օգոստոսի 9-ին:
2008 թվականի օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։










