Ավետիսյանների սպանության գործը կքննեն ՀՀ իրավապահ մարմինները. РБК

17:19 • 06.08.15

Լուսանկարում՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկին
 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը կքննեն Հայաստանի իրավապահ մարմինները, և դատավարությունը կանցկացվի հայկական դատարանում։ Ռուսական РБК-ն անդրադարձել է այս թեմային և որոշ մանրամասներ ներկայացրել։

 

Կայքը նշում է, որ իրադարձությունների նման զարգացման մասին առաջին անգամ դեռևս հունիսի վերջին հայտնել էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը՝  ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման արդյունքներով: Հունիսի 30-ին երկար բանակցություններից հետո գործի փոխանցման մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:


Մոսկվան այդ պայմանավորվածութունները չէր մեկնաբանում: Եվ միայն այս շաբաթվա սկզբին
հայտնի է դարձել, որ ռուսական դատարանը կքննի միայն Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ռազմական հանցագործությունները: Դեռ հուլիսի 13-ին սպանության մասին գործն առանձնացվել է առանձին վարույթ և փոխանցվել հայկական կողմին, РБК-ին պատմել է ռուսական ռազմական դատարանում առկա աղբյուրը։


Կայքը նշում է, որ երկու երկրների քննչական կոմիտեների և դատախազությունների պաշտոնական ներկայացուցիչները Պերմյակովի գործում այդ փոփոխությունները մեկնաբանել հրաժարվում են:


Ըստ  РБК-ի՝ ռուս-հայկական հարաբերություններում հարկավոր էր այդ ժամանակ թույլ չտալ լարվածություն, ինչը հանձնարարվել էր Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: РБК-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Գյումրի ժամանած Բաստրիկինի խնդիրն է եղել «թույլ չտալ կոնֆլիկտի սրում»:


Ռուսաստանի նախագահի գրասենյակում РБК-ի բարձրաստիճան զրուցակիցը Գյումրիում բողոքի ցույցերի օրերին ասել է, որ «Հայաստանում իրավիճակը ժամանակին կարգավորելու խնդիրը չի կարողացել լուծել ռուս բարձրաստիճան ուժայիններից և ոչ մեկ»: Արդյունքում՝ զանգվածային ցույցերի պատճառ դարձած և հայ-ռուսական տնտեսական ինտեգրումը սպառնալիքի տակ դնող իրավիճակի համար Ռուսաստանի նախագահը պատասխանատու է համարել հենց Բաստրիկինին, պնդում են РБК-ի մի քանի աղբյուրներ:

 

Հետաքննության նախնական տվյալներով` ս/թ հունվարի 12-ին Հայաստանում ռուսաստանյան ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն ինքնակամ լքել է ծառայությունը, զենքով դուրս եկել Գյումրի քաղաք, ապա ավտոմատով գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի քնած 6 անդամներին, վիրավորել  մանկանը, որը հետագայում ևս մահացել է հիվանդանոցում: