Իրավապաշտպանները հայտնում են Սիրիայի արևմուտքում ԻՊ-ի գրոհայինների կողմից քաղաքի գրավման մասին
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գրավել են Սիրիայի արևմուտքում գտնվող Էլ-Քարյաթայն քաղաքը, գրում է ria.ru-ն:
Ւրավապաշտպանների տվյալներով՝ գրոհայինները հարձակում են սկսել քաղաքի վրա չորեքշաբթի առավոտյան, երբ երեք ահաբեկիչ մահապարտներ պայթեցրել են իրենց քաղաքի մուտքի մոտ՝ կառավարական ուժերի կողմից վերահսկվող անցակետի մոտակայքում:
«ԻՊ-ը գրավել է Հոմսից հարավ-արևելք գտնվող Էլ-Քարյաթայն քաղաքը՝ իշխանամետ ուժերի և նրանց հավատարիմ մարտիկների հետ դաժան բախումներից հետո»,- հայտնել է կազմակերպության նախագահ Ռամի Աբդել Ռահմանը: Նրա տվյալներով՝ բախումների ընթացքում մահացել է 37 սիրիացի զինծառայող և ԻՊ-ի 23 գրոհային:
Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է այս տարվա մայիսից ԻՊ-ի կողմից վերահսկվող Պալմիրայից Քալամուն տանող ճանապարհին:
«Էլ-Քարյաթայնի վերահսկողությունը թույլ կտա ԻՊ-ին միացնել արևելյան հատվածում իրենց հսկողության տակ գտնվող տարածքները Քալամունի արևելյան հատվածում գրավված շրջանների հետ»,- հավելել է Աբդել Ռահմանը:










