Այսօր լրանում է Հիրոսիմայի ռմբակոծության 70-րդ տարելիցը (լուսանկարներ)
Ճապոնիայում այսօր անցկացվում են սգո միջոցառումներ՝ նվիրված ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Հիրոսիմա քաղաքի միջուկային ռմբակոծության 70-րդ տարելիցին։ Կենտրոնական միջոցառմանը, որը կայացել է Հիրոսիմայում և որին մասնակցել է մի քանի հազար մարդ, ներկա է եղել նաև երկրի վարչապետ Սինձո Աբեն, ինչպես նաև՝ 100 երկրների ներկայացուցիչներ։ Նրանք մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, որը սկսվել է ժամը 8։15-ին՝ հենց այդ ժամին է 1945-ին նետվել ռումբը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին կոչ է արել բոլոր պետություններին ամբողջությամբ ոչնչացնել միջուկային զենքը։ Իր հերթին երկրի վարչապետը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերին Տոկիոն ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում քննարկման կդնի համապատասխան բանաձևի նախագիծը։
1945թ. օգոստոսի 6-ին Հիրոսիմայում ատոմային պայթյունի զոհերի թիվն առաջին մի քանի ամիսների ընթացքում եղել է մոտ 140.000։ Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, ԱՄՆ-ն ևս մեկ ատոմային ռումբ է նետել ճապոնական Նագասակի քաղաքի վրա, ինչը հանգեցրել է մոտ 70.000 մարդու մահվան։
























