Ռուս ընդդիմադիր գործիչ Նեմցովին սպանողը կրակել է ձախ ձեռքով. լրատվամիջոցներ
Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով Քննչական կոմիտեի նշանակած փորձաքննությունները ցույց են տվել, որ քաղաքական գործչի վրա ձախլիկ է կրակել: Այդ մասին գրում է «Росбалт»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ փորձաքննություններն անցկացրած մասնագետները եկել են եզրակացության, որ հանցագործը կրակել է՝ ատրճանակը պահելով ձախ ձեռքում:
Նշվում է, որ ձախլիկ է գործով անցնող հիմնական կասկածյալը՝ Չեչնիայի ներքին գործերի նախարարության «Սևեր» գումարտակի նախկին մարտիկ Զաուր Դադաևը, ով սկզբում խոստովանել է, որ հանցագործությունն ինքն է կատարել, բայց ավելի ուշ հրաժարվել է ցուցմունքներից:
Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ին: Նրա վրա կրակել են չորս անգամ։










