Նորվեգացին բանտից փախել է սերֆինգի տախտակի և խաղալիք բահի օգնությամբ

22:50 • 06.08.15

Նորվեգիայի Բաստոյ կղզու բանտից կալանավորը փախել է սերֆինգի տախտակի և խաղալիք բահի օգնությամբ: Ինչպես տեղեկացնում է The Local-ը` ուղղիչ հաստատության պետ Թոմ Էմբերհարդտի խոսքով`  բանտարկյալի փախուստն աշխատակիցները նկատել են օգոստոսի 5-ի առավոտյան:
«Չօգտագործվող  իրերի սենյակում հնացած տախտակ ունեինք, որը և խաղալիք բահի հետ միասին գողացել էր կալանավորը», - ասել է բանտապահը:


Ավելի ուշ սերֆինգի տախտակը գտել են ափին: Ինչպես նշում է պարբերականը` 23-ամյա տղամարդը, ով դատապարտվել էր թմրանյութերի վաճառքի և բռնաբարության համար, բահն օգտագործել էր որպես թի, որով թիավարել է 3 կմ, որպեսզի կղզուց հասնի ցամաքային տարածք:


Ուղղիչ հաստատությունում, որտեղ նորվեգացին կրում էր պատիժը, բանտախցերի դռները չեն փակվում, իսկ պատուհանների վրա վանդակաճաղեր չկան:  Կալանավորների օրակարգի մաս է կազմում ձիարշավը, թենիսը և դահուկասահքը: