ԱԺ ընտրությունների 2–րդ փուլը շատ ճիշտ ձև է, որպեսզի խուսափենք քաղաքական ճգնաժամերից. Սուքիաս Ավետիսյան
Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականին, մասնավորապես Ազգային ժողովի ընտրություններում երկրորդ փուլը հանելու առաջարկին, ասաց, որ այնպես չէ, որ Վենետիկի հանձնաժողովն ինչ առաջարկեց, պետությունը պարտադիր պետք է կատարի:
«Երկրորդ փուլը շատ ճիշտ ձև է, որպեսզի մենք խուսափենք ցանկացած ժամանակ քաղաքական ճգնաժամերից»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր հերթին ասաց, որ խորհրդարանական համակարգը կառավարման օպերատիվ համակարգ չէ։ Ըստ նրա՝ ներկայացված նախագծում կառավարման համակարգը կայուն իրավիճակում խորհրդարանական է, անկայուն վիճակում՝ վարչապետական է:
Սուքիաս Ավետիսյանը թեև համաձայնեց, որ կառավարման համակարգը ճկուն համակարգ չէ, սակայն նշեց, որ դրա համար էլ հստակ պատասխանատվություն է դրվում վարչապետի վրա, ինչն էլ կարող է այդ ճկունությունն ապահովել:










