Եվգենիկա, կլոնավորում և այլն. սահմանադրագետը՝ նոր Սահմանադրությունում ներառված տերմինների մասին

22:03 • 07.08.15

Սահմանադրական փոփոխությունների  1-15 րդ հրապարակված գլուխների  նախագծում մի շարք հասկացությունների, կառույցների, տերմինների ներառումը պայմանավորված է ոչ այնքան տեխնիկական առաջընթացով, որքան նրանով, որ դրանք ամրագրելով պետությունը փորձում է  ի ցույց է դնել  իր  հումանիստական արժեքներին նվիրված լինելը:

 

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտակ Զեյնալյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են, ըստ իրեն, նոր սահմանադրությունում տեղ գտել  կլոնավորման, եվգենիկայի (ուսմունք մարդկային ցեղի, նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին և այլ արգելքների մասին դրույթներ:


«Այսպես ասած` մարդասիրության հռչակում, որ ՀՀ-ում, իբր,  հռչակված է այս աստիճանի մարդասիրություն, մարդակենտրոնություն, նվիրվածություն այդ արժեքներին»,- ասաց նա ու ավելացրեց.«Բազում միջազգային պայմանագրեր կան, Հայաստանն էլ կարող է իր Սահմանադրության մեջ  դրանք ներառել, որ օրինակ` եվգենիկան կամ կլոնավորումն արգելվում են` անկախ նրանից,  մենք դրա հետ համաձա՞յն ենք, թե՞ ոչ»:


Նա տեղեկացրեց, որ եվգենիկան Հայաստանում մինչ այս էլ արգելված էր, քանի որ այն մարդու նկատմամբ կիրառվող գիտափորձեր է ենթադրում:


Հիշեցնենք,  որ «Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները» բաժնում ավելացված է `«Մարդու արժանապատվությունը» հոդվածը, որը անխախտելի է հռչակվում. նշվում են  կյանքի իրավունքը, մահապատժի արգելքը,  ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և այլն:


Ի պատասխան հարցի էլ, թե որոշ մասնագետներ պնդում են, որ քրեական իրավունքին վերաբերող  այս շատ նեղ դրույթները չարժեր այդքան բացված դնել Սահմանադրության մեջ, վերջինս նշեց, որ   2005 թվականին ընդունված Սահմանադրությունից հետո Հայաստանը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների և դրանք փորձում է ամրագրել Սահմանադրության մեջ, թեև սրանք բոլորը մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, ու. «Դրանք գրել-չգրելով մեր վիճակը ոչնչով չի փոխվում» :