КГБ-ի նախկին պաշտոնյան բացահայտել է Հայոց հարցի և Հիրոսիմայի ռմբակոծության կապը. մանրամասներ

19:31 • 07.08.15

Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ողբերգության 70-ամյա տարելիցի ֆոնին «Կոմսոմոլսկայա պրավդան» նոր ու անսպասելի վարկած է ներկայացրել Հիրոսիմայի ռմբակոծության պատճառների, Հայոց հարցի ու Արևմտյան Հայաստանի հետ կապված Ստալինի պլանների կապերի առումով:

 

Աղբյուրը հիշեցնում է Հիրոսիմայի, ապա և Նագասակիի ատոմային ռմբակոծության «պաշտոնական վարկածը», այն է` ճապոնական քաղաքները ռմբակոծվեցին, որպեսզի այդկերպ Ճապոնիային ստիպեն կապիտուլյացիայի ենթարկվել, միաժամանակ` նաև ԽՍՀՄ-ի ղեկավարությանը վախեցնեն նոր տիպի զենքով` ատոմային ռումբով:

 

Սակայն այս ամենի ֆոնին «Կոմսոմոլսկայա պրավդան» ներկայացնում է խորհրդային ՊԱԿ-ի (КГБ ) նախկին փոխգնդապետ և հակահետախույզ Իգոր Ատամանենկոյի նոր վարկածը` նույն հարցի շուրջ:

 

Ի դեպ, КГБ-ի նախկին պաշտոնյա Ատամանենկոն ի պաշտպանություն իր վարկածի վկայակոչում է ԽՍՀՄ-ի թերևս ամենաազդեցիկ հայերին` Ստալինի մերձավոր շրջանակից Անաստաս Միկոյանին և լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, որի հետ նաև լուսանկար է հրապարակել:

 

Ըստ Ատամանենկոյի` Երկրորդ համաշխարհայինից հետո արևմտյան դաշնակիցները Արևելյան Եվրոպայի ճակատագիրը որոշել էին` Ղրիմի ու Պոտսդամի կոնֆերանսներին, նոր հանդիպումներ չէին նախատեսվում: Եվ այդ ֆոնին Ստալինը որոշել էր խորհրդային կարգերը տարածել նաև Փոքր Ասիայի վրա: Իսկ ԱՄՆ-ն` ի դեմս նախագահ Թրումնեի փորձում էր կանխել հենց դա:

 

Նախկին պաշտոնյան հիշեցնում է պատմական փաստն այն մասին, որ ԽՍՀՄ-ը 20 դիվիզիա զորք էր պահում Թուրքիայի հետ սահմանին: 1941-ի օգոստոսին տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին մոտ 1 մլն զինվոր է տեղակայել` նպատակ ունենալով օկուպացնել խորհրդայնացված Անդրկովկասը: Այս լուրի ֆոնին` ԽՍՀՄ-ը Թուրքիայի սահմանին (Իրանի տարածքից) նախ 12, ապա 8 դիվիզիա է տեղակայում: Սա թուրքերին ստիպում է փոփոխել իրենց ծրագրերը և սպասել «մինչև Հիտլերը կգրավի Մոսկվան»:

 

1945-ի մայիսի դրությամբ, ինչպես բացատրում է КГБ-ի փոխգնդապետը, խորհրդային ղեկավարության որոշ անդամների շրջանում տարածում էր գտել պատմական հայկական հողերը ԽՍՀՄ-ի տարածքում ներառելու գաղափարը, որոնք «1918-ին բռնակցվել էին Թուրքիային»: Այդկերպ ծրագրվում էր խորհրդային կարգեր հաստատել Փոքր Ասիայում:

 

Ատամանենկոն նաև մեջբերում է 1945-ի փետրվարին Յալթայի կոնֆերանսին հնչեցված անհայտ հայտարարություն, որը նա վերագրում է Ստալինին: Նա նշում է, որ այս հայտարարության մասին իրեն հայտնել է հետախույզ Գևորգ Վարդանյանը, որին իր հերթին դրա մասին հայտնել է Անաստաս Միկոյանը:

 

Ըստ այդ հայտարարության Ստալինը իբր ասել է. «Թուրքերի կողմից գրավված հայերի հողերը ժամանակակից Թուրքիայի ամբողջ տարածքի մեկ երրորդն են կազմում, ըստ էության` դրա ամբողջ հյուսիս-արևելյան մասը` Կարս քաղաքից մինչև Էրզրում ու այդպես էլի դեպի արևմուտք: Ընդ որում` Հայկական լեռնաշխարհը` Վանա լճի հովտով, ամբողջ Թուրքիայի ամենաբարեբեր մասն է, որը այսօր ոչ միայն Թուրքիային է կերակրում, այլև ամբողջ Փոքր Ասիային, այսինքն` թուրքերը հացահատկային կուլտուրաներով են ապահովում բոլոր հարևան երկրներին` հայերի հաշվին ապրելով: Ժամանակն է վերջ դնել մեր եղբայրական ժողովրդի թալանին»:

 

Հաջորդիվ Ստալինը կարծիք է հայտնել, թե Թավրիզում կենտրոնացած «մեր երեք բանակների» հզոր առաջընթացով կարելի է իրանական սահմանից մինչև Ստամբուլ հասնել: Համապատասխան առաջարկ մշակելու հանձնարարություն է տրվել Միկոյանին և Մալենկովին: Մեծ կարևորություն է տրվել Ստամբուլի գրավմանը, որին Ստալինը ցանկացել է վերադարձնել պատմական` «Կոստանդնուպոլիս» անվանումը:

 

Խորհրդային փոխգնդապետը անսպասելի նորություն է հայտնում, թե ծրագրվել է կոմկուսի Ստամբուլի  քաղկոմի 1-ին քարտուղար նշանակել լեգենդար հայ հետախույզ Վարդանյանի հորը: Վերջինս ոչ պակաս կարևոր դեմք էր խորհրդային հետախուզության մեջ. նա` Անդրանիկ Վարդանյանը, առևտրականի անվան տակ հետախուզությամբ էր զբաղվում Իրանում:

Հաջորդիվ Ատամանենկոն վստահեցնում է, որ Ճապոնիան ատոմային ռմբակոծության ենթարկելու որոշումը Թրումենը վերջնականապես կայացրել է այն բանից հետո, երբ նրան հայտնի է դարձել Թուրքիայի` Արևմտյան Հայաստանի հետ կապված Ստալինի պլանների մասին:

 

Իր «Ստամբուլյան արշավանքը» Ստալինը հետաձգել է այն բանից հետո, երբ տեղեկացել է Հիրոսիմայի և Նագասակիի աղետների ծավալների մասին: Ըստ լեգենդի` այդ ժամանակ Ստալինն ասել է. «Թուրքերը պիտի ամբողջ կյանքում շնորհակալ լինեն ճապոնացիներին»` նկատի ունենալով, որ ամերիկացիները ատոմային ռումբ կգցեն նաև Թուրքիայի վրա, եթե այդ երկիր մտնեն խորհրդային զորքերը: