ԱՄՆ-ն ԻՊ-ի սպանված առաջնորդի կնոջը փոխանցել է Իրաքի իշխանություններին. Պենտագոն

12:03 • 07.08.15

ԱՄՆ-ն Իրաքի իշխանություններին է փոխանցել ամերիկյան հատուկ ջոկատի գործողության ընթացքում սպանված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ղեկավարներից Աբու աս-Սայաֆի կնոջը: Այդ մասին ասված է հինգշաբթի օրը Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:

 

«Իրաքում մայիսի 15-ին ամերիկյան զինծառայողների կողմից ձերբակալված Նաշրին Ասադ Իբրահիմը, ով հայտնի է նաև որպես Ում աս-Սայաֆ, այսօր ավելի վաղ փոխանցվել է Բաղդադին»,- նշված է հայտարարության մեջ:

 

Պենտագոնում ընդգծել են, որ ներկայում աս-Սայաֆը գտնվում է Իրաքի Քուրդիստանում՝ հսկողության տակ: Պենտագոնում գրոհայինի կնոջ փոխանցումն «իրավաչափ» են անվանել՝ ելնելով «օրենքի, դիվանագիտության, հետախուզության, անվտանգության նկատառումներից»։

 

Մայիսի կեսին Իրաքում գտնվող ԱՄՆ հատուկ ջոկատը հատուկ գործողություն է իրականացրել Սիրիայի արևելքում, ինչի արդյունքում ոչնչացվել է Աբու աս-Սայաֆը:

 

Ինչպես հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհենը, «ԱՄՆ կառավարությունը չի համակարգել գործողությունները սիրիական ռեժիմի հետ և չի տեղեկացրել նախապես սպասվող գործողության մասին»:

 

Ի սկզբանե նախատեսվում էր ահաբեկչին կենդանի վերցնել, բայց նա սպանվել է գործողության ժամանակ, քանի որ զինված դիմադրություն է ցույց տվել: