ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուները քննադատել են Իրանի հետ համաձայնագիրը

10:06 • 07.08.15

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուները հեռուստաբանավեճի ընթացքում քննադատել են Իրանի հետ համաձայնագիրը, գրում է ria.ru-ն:

 

«Իրանի հետ բանակցությունները պետք է վարել ուժի դիրքից»,- հայտարարել է սենատոր Ռենդ  Փոլը, ում խոսքով՝ Բարաք Օբամայի վարչակազմը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հարցում։

 

«Իրանն այն գործընկերը չէ, որի հետ պետք է գործ ունենալ»,- հայտարարել է Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը՝ ընդգծելով, որ միշտ դեմ է եղել Իրանի հետ գործարքին:

 

Ուոքերը, միևնույն ժամանակ, կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ Իրանը և «Իսլամական պետություն» խմբավորումը կապված են իրար հետ, մինչդեռ Իրանի կողմից աջակցություն ստացող Իրաքի շիա ապստամբները կռվում են ԻՊ-ի դեմ, գրում է գործակալությունը։

 

Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիի խոսքով՝ ԱՄՆ-ն «ոչինչ չի ստացել Իրանի հետ գործարքից»։

 

Իրանը և «վեցյակը» լույս հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Ամիսներ տևած բանակցություններն ավարտվել են գործողությունների համապարփակ նախագծի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում կվերացվեն Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: