ԻՊ-ի գրոհայինները մոտ 230 մարդ են պատանդ վերցրել սիրիական Հոմսում

13:54 • 07.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Հոմս շրջանում տասնյակ քրիստոնյաների են պատանդ վերցրել, գրում է ТАСС-ը:

 

Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել մոտ 230 մարդ, պատանդների թվում մեծ քանակությամբ կանայք և երեխաներ կան: Հանցագործությունը տեղի է ունեցել Էլ-Քարյաթայն փոքր քաղաքում, որն ահաբեկիչները գրավել են անցած գիշեր: Բնակավայրը գտնվում է Պալմիրա հնագույն քաղաքը և երկրի արևմուտքում Լիբանանի հետ սահմանին գտնվող լեռնային Քալամուն շրջանը կապող ճանապարհին։

 

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը երեկ հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գրավել են Սիրիայի արևմուտքում գտնվող Էլ-Քարյաթայն քաղաքը:

 

Ւրավապաշտպանների տվյալներով՝ գրոհայինները հարձակում են սկսել քաղաքի վրա չորեքշաբթի առավոտյան, երբ երեք ահաբեկիչ մահապարտներ պայթեցրել են իրենց քաղաքի մուտքի մոտ՝ կառավարական ուժերի կողմից վերահսկվող անցակետի մոտակայքում: ԻՊ-ը գրավել է քաղաքը՝ իշխանամետ ուժերի և նրանց հավատարիմ մարտիկների հետ դաժան բախումներից հետո: Տվյալների համաձայն՝ բախումների ընթացքում մահացել է 37 սիրիացի զինծառայող և ԻՊ-ի 23 գրոհային: