Նորվեգական կղզում կրկին բացվել է ճամբարը, որտեղ Բրեյվիկը մոտ 70 մարդ էր սպանել

12:11 • 07.08.15

Լուսանկարը՝ beta.trtworld.com-ի


Նորվեգական Ուտոյա կղզում, որտեղ 2011-ին Անդերս Բրեյվիկը 69 մարդու էր սպանել, ողբերգությունից հետո առաջին անգամ վերաբացվել է երիտասարդական վրանային ճամբարը, հայտնում է BBC-ն։

 

Երեք օր շարունակ երիտասարդ ձախակողմյան ակտիվիստները կապրեն վրաններում և կմասնակցեն քաղաքական քննարկումների, այդ թվում՝ ծայրահեղականության դեմ պայքարի խնդրի մասին։

 

2011թ. հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել Օսլոյի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել էր 8 մարդ։ Այնուհետ նա գնացել էր Ուտոյա կղզի, որտեղ տեղակայված է երիտասարդական ճամբարը, և կրակահերթ բացել։ Կղզում նրա զոհն էր դարձել 69 մարդ, հիմնականում՝ դեռահասներ։

 

Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման։ Այս տարվա հունիսին նա ընդունվել է Օսլոյի համալսարան։