Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես անկախ թեկնածու առաջադրվելը
Միլիարդատեր և շոումեն Դոնալդ Թրամփն իր ֆիրմային որակներն է ցուցադրել՝ առանձնանալով մի շարք սկանդալային հայտարարություններով և խամրեցնելով իր ընդդիմադիրներին ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Հաղորդավարները տվել են բանավեճերի մեկնարկը՝ հետաքրքրվելով՝ պատրա՞ստ է արդյոք Թրամփը խոստանալ չառաջադրվել որպես անկախ թեկնածու։ «Ես խոստումներ չեմ տա հիմա»,- պատասխանել է Թրամփը։
Միլիարդատերը նախկինում բազմիցս ակնարկել է անկախ նախընտրական արշավ սկսելու մասին։ Ցանկացած անկախ թեկնածու, ով հոգով մոտ է հանրապետականներին, լրջորեն կվնասի կուսակցության՝ 2016-ին նախագահի պաշտոնը ստանալու հնարավորություններին։
Այնուամենայնիվ, Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է առաջադրվել որպես հանրապետական թեկնածու և վստահ է իր հաղթանակի հարցում։










