Յանուկովիչը չի ներկայանա Կիևում հարցաքննության՝ կյանքին սպառնացող վտանգի պատճառով. փաստաբան

11:16 • 07.08.15

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի ներկայանա Կիևում հարցաքննության, որը նշանակված է օգոստոսի 11-ին: Այդ մասին հայտարարել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը Hromadske.tv հեռուստաալիքի եթերում, գրում է ТАСС-ը:

 

Փաստաբանը նշել է չներկայանալու հարգելի պատճառները և վկայակոչել Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը: «Յանուկովիչը չի մասնակցի հարցաքննությանը՝ նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով»,- բացատրել է Սերդյուկը:

 

Միևնույն ժամանակ, փաստաբանը նշել է, որ Յանուկովիչը պատրաստ է ցուցմունքներ տալ տեսակապի միջոցով: «Մենք արդեն տեղեկացրել ենք Գլխավոր դատախազությանը գտնվելու վայրից ցուցմունքներ տալու պատրաստակամության մասին»,- ասել է Սերդյուկը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի գործադիր իշխանության կենտրոնական մարմինների պաշտոնական «Урядовий кур'єр» հրատարակությունը հրապարակել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված Գլխավոր դատախազության ծանուցագիրը: Յանուկովիչն օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրվում է Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության:

 

Նշենք, որ 2014-ի փետրվարին հեղափոխությունից հետո, Յանուկովիչը լքել է երկիրը։